Շողակաթ համայնքում  արդեն գործում են հակակարկտային կայանները  

Armenpress 13:38, 25 Մայիս, 2021

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։  Արդեն մի քանի օր է, ինչ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում, առաջինը մարզի պատմության մեջ, տեղադրվել ու շահագործվում  են հակակարկտային 6 կայան։

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, հակակարկտային կայանները տեղադրվել են սուբվենցիոն ծրագրի հաշվին, որի պայմանագրային արժեքը կազմել է 12 միլիոն 600 հազար դրամ։ Հակակարկտային 6 կայաններից երկուսը  տեղադրվել է Ծափաթաղ գյուղում, երկուսը՝ Շողակաթ գյուղում, մեկական կայաններ էլ՝ Ջիլում եւ Արտանիշում։  «Նախորդ տարիներին համայնքի վարչական կազմում ընդգրկված բնակավայրերի տնտեսությունները բազմիցս են վնասներ կրել կարկտից։ Անցած տարի էլ Շողակաթում կարկուտն ամբողջովին ջնջեց նորաստեղծ 50 հեկտար ծիրանի այգու բերքը։ Իսկ այժմ մեզ ապահով ենք զգում, քանի որ այդ բնական աղետի դեմ արդեն պաշտպանվելու հուսալի միջոց ունենք։ Նույնիսկ օրեր առաջ օգտվել ենք կայանի ծառայությունից, որի կրակոցը կարկտաբեր ամպերի դեմ բավարար ադյունք տվեց ։ Այսպիսով, մեր համայնքում իրականացվեց ամենակենսական ու պահանջվող ծրագրերից մեկը»,-ներկայացրեց Սուլիկո Շուշանյանը։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am