Ժամանակակից ստեղծագործող Եր Կարը ընթերցողներին կներկայացնի իր անդրանիկ գիրքը

Armenpress 12:08, 24 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից բանաստեղծ Եր Կարի անդրանիկ՝ «Երկա՞ր» գիրքը շուտով հասանելի կլինի ընթերցողներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը, որի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 29-ին  «Արվեստանոցում», հրատարակել է «Անտարես»-ը:

Միջոցառման ընթացքում հեղինակը կներկայացնի գիրքը, իսկ դերասանուհիներ Նարինե Գրիգորյանը, Տաթև Հովակիմյանը, Կարինե Ջանջուղազյանը կընթերցեն հատվածներ գրքի ստեղծագործություններից:

Երեկոյին կատարումներով հանդես կգան «Տիեզերք» բենդը և ջութակահարուհի Անահիտ Իվանյանը:

Գրքում ներառված են Եր Կարի 50-ից ավելի ստեղծագործություններ, որոնք գրվել են 2017 թվականից մինչև օրս։

 «Ստեղծագործությունների թեմաները բազմազան են. «ես»-ի խնդրից ձգվում են մինչև հայրենիքի սահմանները, այնտեղ մի պահ կանգ են առնում, հիշում խաղաղ օրերի երկինքն ու նորից շարունակում իրենց ճանապարհը դեպի ընթերցող»,-նշում է Եր Կարը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am