Հայաստանում ԻԻՀ դեսպանությունը հերքում է Իրանում 160 հայ զինվորների գտնվելու մասին լուրը. Parstoday.com

Armenpress 12:17, 23 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանական «Parstoday.com» կայքը տարածել է Հայաստանում Իրանի դեսպանության հայտարարությունն Իրանի տարածքում 160 հայ զինծառայողների գտնվելու մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մեջբերված հայտարարության մեջ նշվում է հետևյալը.

«Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Իրանում է գտնվում 160 հայ զինվոր, և իրանական կողմը նրանց վերադարձնելու համար նախապայմաններ է ներկայացրել»:

Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել էր Իրանի Իսլամական Հանրապետությունում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրը, նշելով, որ  Իրանում գեթ մեկ հայ զինվորի գտնվելու մասին տեղեկություններ չունեն։

ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, թե Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին 160 հայ զինվոր է հատել հայ-իրանական սահմանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am