Պատգամավորներն առաջարկեցին սահմանամերձ համայնքում աճեցված բուսաբուծական արտադրանքի գնման երաշխիք տալ

Armenpress 13:19, 19 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց խմբակցություններում չընդգրկված պատգամավորների ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է սահմանել, որ սահմանամերձ համայնքների գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում աճեցված բուսաբուծական արտադրանքը ենթակա լինի երաշխավորված գնման պետության կողմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց համահեղինակ Սոֆիա Հովսեփյանը:

Նախագծով սահմանվում է՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների վարչական տարածքներում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտադրանքը ենթակա է երաշխավորված գնման պետության կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ երաշխավորված գնման պայմանագրի հիման վրա: Ըստ նախագծի՝ երաշխավորված գնման ենթակա բուսաբուծական արտադրանքի տեսակները և այլ հարցեր սահմանելու է ՀՀ կառավարությունը:

Հովսեփյանը նկատեց, որ վերջին պատերազմից հետո սահմանամերձ համայնքների թիվն ավելացել է: «Եվ որպեսզի կանխենք այն արտահոսքը, որն ունեցել ենք 90-ական թվականների պատերազմից հետո, նախատեսում ենք հնարավորություն տալ սահմանամերձ համայնքների բնակիչներին»,- ասաց Հովսեփյանը:

Նա նշեց՝ պատերազմից հետո հողատարածքների կորուստներ են եղել, և շատերը նախկին հնարավորությունները չունեն, ունեն փոքր հողատարածքներ: «Եվ եթե այդ հողատարածքներից էլ ստացած բերքի վաճառքը չի երաշխավորվում, և չի երաշխավորվում, որ պետությունը հոգածություն կցուցաբերի, ապա նրանք ուղղակի գյուղատնտեսությամբ չեն զբաղվի»,- ասաց Հովսեփյանը:

Կառավարությունը նախագծին տվել էր բացասական եզրակացություն: «Եթե պարզվի, որ սահմանամերձ համայնքներում արտադրվող բուսաբուծական արտադրանքի ծավալը գերազանցում է պետական գնումների ծավալին, ապա անհրաժեշտություն է առաջանալու սահմանել պետական գնումերի քվոտավորման համակարգ և դրա բաշխման մեխանիզմ»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

Նա նկատեց՝ նաև ներկայացված հիմնավորումից պարզ չէ, թե պետության կողմից նախագծով նախատեսված ապրանքների գնման ինչ իրավական մեխանիզմներ են գործելու, ինչպես է նշված ապրանքն իրացվելու: Վերլուծություններ ներկայացված չեն նաև սոցիալական աջակցությունից օգտվելու իրավունք ունեցող սուբյեկտների և այլ հարցերի վերաբերյալ: Սիմոնյանը բացասական եզրակացություն տալու համար ներկայացրեց կառավարության մի շարք դիտարկումներ ևս:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am