Հ. Թումանյանի թանգարանը լցված է Քաշաթաղի շնչով. ներկայացված են հուշարձանները պատկերող լուսանկարներ

Armenpress 14:25, 18 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հ. Թումանյանի թանգարանը շուրջ տասն օր լցված է լինելու Քաշաթաղի շնչով: Մայիսի 18-28-ը թանգարանում կանցկացվի «Հայկական Քաշաթաղ» խորագրով ցուցահանդես, նախատեսված են դասախոսություններ, հանդիպում- քննարկումներ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը նշեց, որ բացման օրը պատահական չէ ընտրված:

«Այս տարի պիտի նշվեր Քաշաթաղի ազատգրման 29-ամյակը, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Թանգարանն իրականացնում է «7 սարի հետևում» նախագիծ, որի շրջանակում երիտասարդներին հայրենաճանաչության մղելն էր: Ծրագիրը մեծ արձագանք գտավ, շուրջ 5 հազար մասնակից ունեցանք, այդ թվում՝ Արցախից, մասնավորապես, Քաշաթաղի շրջանից: Հինգ ամիս տևած ծրագրի արդյունքները ամփոփելուց հետո ունեցանք 10 հաղթող մասնակից, որոնցից մեկը հենց Քաշաթաղի շրջանից էր: Ի սկզբանե որոշված էր ընտրել տարածք և հաղթող խմբին ուղղորդել այնտեղ՝ տեղում ծանոթանալու հուշարձաններին: Պատահաբար ընտրվել էր Քաշաթաղը: Ցավոք, զարգացումներն այնպես եղան, որ Քաշաթաղում լինելու փոխարեն, այսօր ստիպված ենք Քաշաթաղը ժամանակավոր տեղափոխել թանգարան՝ լուսանկարների տեսքով»,- ասաց Անի Եղիազարյանը:

«Մերան» թերթի գլխավոր խմբագիր, լուսանկարիչ Զոհրաբ  Ըռքոյանի խոսքով, ցուցահանդեսին ներկայացվելու են հարյուրից ավելի լուսանկարներ, որոնք պատկերում են Քաշաթաղի պատմամշակութային հուշարձանները՝ Սուրբ Վարդան եկեղեցին (17-րդ դար), Վարազգոմի վանքի երկխորան եկեղեցին (9-րդ դար), Կատոսավանքը  (9-րդ դար), Ծիծեռնավանքի Սուրբ Գևորգ եռանավ բազիլիկ տաճարը (4-րդ դար) և այլն:

«Լուսանկարներով պատմում ենք խաչքարերի, տապանաքարերի, եկեղեցիների, վանքերի մասին, որոնք վկայում են հետևյալը՝ հազարամյակներ շարունակ Քաշաթաղը եղել է հայկական: Մենք պատմամշակութային մեծ ժառանգություն ենք թողել այնտեղ, որն  այսօր վտանգված է: Ադրբեջանը որոշել է այդ տարածքներում վերացնել հայկական հետքը, և դա շատ է մտահոգում: Մեր խնդիրն է անընդհատ խոսել ու բարձրացնել այս հարցը»,- ասաց Զոհրաբ  Ըռքոյանը:

Բանախոսներն ընդգծեցին, որ նպատակ ունեն լայն հանրությանը ներկայացնել այս լուսանկարները, ուղեկցվող պատմությունը: Առաջիկայում նախատեսում են հրատարակել Քաշաթաղի պատմամշակութային արժեքները հավերժացրած լուսանկարների երկլեզու պատկերագիրք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am