Արտերկրից ՀՀ-ում բիզնես հիմնադրելը կդյուրացվի. դիմումները կընդունեն ՀՀ-ի հյուպատոսական գրասենյակները

Armenpress 16:09, 17 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ հնարավորություն կտրվի ՀՀ տարածքից դուրս հյուպատոսական հիմնարկների կողմից ընդունել ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների դիմումներ՝ Հայաստանում բիզնես հիմնադրելու կամ հայկական ընկերության մասնաբաժին գնելու համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը՝ ներկայացնելով ծառայությունների համակարգում կատարվող փոփոխությունները:

«Նման պահանջարկ կա ամբողջ աշխարհում: Երբ անձն այլ երկրից ցանկանում է բիզնես գրանցել մեկ այլ պետությունում, այստեղ նույնականացման լուրջ խնդիրներ են լինում: Մենք ներգրավել ենք հյուպատոսարաններին, որոնք էլ այդ նույնականացման հարցը կկարգավորեն»,-ասաց Վահե Դանիելյանը: Նրա խոսքով, այս գործիքակազմը կարող է իր դրական ազդեցությունը թողնել Հայաստանում ներդրումների գործընթացի վրա, անձը կարող է առանց Հայաստան այցելելու բիզնես գրանցել կամ որևէ մասնաբաժին գնել:

Վահե Դանիելյանը նշեց, որ այս գործիքակազմը գործարկելուց բացի, անելիք ունեն իրազեկման ուղղությամբ: Արտաքին գործերի նախարարությունը կոնկրետ երկրներում համապատասխան աշխատանք կկատարի:

Նշված փոփոխությունն ուժի մեջ կմտնի ենթաօրենսդրական ակտ ընդունելուց հետո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am