Այվազյանը և Լը Դրիանն ընդգծել են տարածաշրջանային անվտանգության ապահովման միջոցների ձեռնարկման հրամայականը

Armenpress 22:25, 16 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հեռախոսազրույցի առանցքային թեմաները եղել են Հայաստանի սահմանամերձ մարզերում ադրբեջանական զինված ուժերի հրահրմամբ ստեղծված իրադրությունն էր և լարվածության նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային դիրքորոշումը: 

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և այս ուղղությամբ կարևորվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվ դերակատարությունը:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են նաև, որ Այվազյանը և Լը Դրիանը երկուստեք ընդգծել են տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկման հրամայականը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am