Մարուքյանը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների հարցը

Armenpress 19:58, 12 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մայիսի 12-ին հանդիպել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը, ողջունելով հյուրին, շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ եւ հույս հայտնել, որ իր գործունեությամբ Նիկո Սխերմերսը կնպաստի երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացմանը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերի առավել խորացմանը վերաբերող հարցեր: Դեսպանը կարեւորել է «Լուսավոր Հայաստան»-ի համագործակցությունը նիդերլանդական  Ազատության եւ ժողովրդավարության ժողովրդական կուսակցության (VVD) հետ:

Հանդիպման ընթացքում Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցին՝ կարեւորելով Նիդերլանդների Թագավորության կառավարության ջանքերը` ուղղված հայ ռազմագերիների` օր առաջ հայրենիք վերադառնալուն:

Քննարկվել են նաեւ հունիսին Հայաստանում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am