Արցախցիները Մայիսի 9-ի կապակցությամբ հարգանքի տուրք են մարտուցել պատերազմում նահատակված զինվորների հիշատակին 

Armenpress 15:31, 9 Մայիս, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական մեծ պատերազմի և 1992 թվականին Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի օրվա կապակցությամբ, մայիսի 9-ին հազարավոր արցախցիներ այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել  նահատակված հայ զինվորների հիշատակին: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր են այցելել պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական կառույցների աշխատակիցներ, կրթամշակութային հաստատությունների անձնակազմերն ու անհատ արցախցիներ, որոնք ծաղիկներ են խոնարհել Անմար կրակի մոտ ու Եղբայրական գերեզմանոցում՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական և  Արցախյան պատերազմների  նահատակների հիշատակին:

Լրագրողների հետ ճեպազրույցում կարևորելով  հանուն հայ ժողովրդի գոյատևման պատերազմում նահատակված հերոսների սխրանքի հիշողությունը Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը համոզմունք հայտնեց, որ պետք է ուժ գտնել՝ լծվելու երկրի ու ժողովրդի բարգավաճման աշխատանքին:  

«Բոլոր հնարավոր ջանքերը պիտի գործադրենք, որպեսզի ազգովի դուրս գանք այս խորը ճգնաժամից: Յուրաքանչյուր ազգի պատմության մեջ կան ողբերգական էջեր, բայց շարունակում է գոյատևել, բարգավաճել ու հզորանալ այն ազգը, որը կարողանում է հաղթահարել  այդ ընկճվածությունը»,- ասաց Բաղունցը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am