ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների օրինագիծը

Armenpress 19:43, 6 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 82 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է օրենքի ուժով ամրագրել Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական բանավեճերի անցկացումը, ընդլայնել հիմնադրամներից կատարվող ծախսերի ցանկը, էապես նվազեցնել ԱԺ պատգամավորների թվի ավելացման հնարավորությունը:

Նախագծով նախատեսվում է նաև իջեցնել կուսակցությունների համար նախատեսված շեմերը` 5-ից դարձնել 4%-, իսկ դաշինքներինը` բարձրացնել: Մինչև 3 կուսակցությունների դեպքում շեմը դարձնել 8%, իսկ 4 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների դեպքում` դարձնել 10 տոկոս:

««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցությունը: Այն ստացել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դրական կարծիքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am