Առաջարկվում է օրենքով ամրագրել Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական բանավեճերի անցկացումը

Armenpress 19:33, 6 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է օրենքով ամրագրել Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական բանավեճերի անցկացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փաթեթի ներկայացման ընթացքում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

«2018թ. մենք առաջին անգամ ունեցանք նախընտրական բանավեճ Հանրային հեռուստաընկերությամբ: Այս նախագծով` Հանրային հեռուստաընկերության նախընտրական բանավեճերն ամրագրվում են օրենքի ուժով: Նախագծով ընդլայնվում է նաև հիմնադրամներից կատարվող ծախսերի ցանկը: Սա, կարծում եմ, լրջագույն փոփոխություն է, որը նպաստելու է նախընտրական քարոզչության ֆինանսական թափանցիկության էլ ավելի բարելավմանը»,- ասաց Հովակիմյանը:

««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցությունը: Այն ստացել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դրական կարծիքը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am