ՀԲ-ն 3 մլն 718 հազար դոլար կտրամադրի ՀՀ կառավարությանը՝ երկրում հաստատված արցախցիներին ուղղված 4 միջոցառումների համար

Armenpress 13:41, 6 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Պետականության և խաղաղարության հիմնադրամի միջոցներից «Հայաստանի աջակցությունը հակամարտության ազդակիր ընտանիքներին» դրամաշնորհի նամակ համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, որով համաֆինասավորվելու են Հայաստանում հաստատված արցախցիների համար իրականացվող մի շարք միջոցառումներ: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (International Bank for Reconstruction and Development) Համաշխարհային բանկի հաստատություններից է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ասաց, որ նախորդ տարվա նոյեմբերին վարչապետի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի շրջանակում իրականացրել և իրականացնում են սոցիալական ծրագրեր տեղահանված ու տուժած հայրենակիցների համար:

«Զուտ սոցիալական բնույթի միջոցառումների քանակը հանրագումարով ավարտված է, և այս պահին ընթացողը 25 հատ է: Մենք, բնականաբար, բոլոր այդ միջոցառումները քննարկում ենք մեր միջազգային գործընկերների հետ, այդ թվում՝ ֆինանսական կառույցների: Տվյալ դեպքում Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել 25-ից՝ 4 միջոցառումների գծով հանդիսանալ անհատույց համաֆինանսավորող և 3 մլն 718 հազար դոլարի չափով դրամաշնորհ է ցանկանում տրամադրել ՀՀ կառավարությանը՝ այդ միջոցառումների իրականացմանը որպես խթան: Մենք այս պահին պետք է հավանություն տանք համաձայնագրին և ընթացակարգով ստորագրենք ու ստանանք դրամաշնորհը»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ սրանով համաֆինանսավորվելու են 68 հազար դրամների ծրագիրը, վարձակալության 30-45 հազար դրամ հատուցումները և աշխատատեղերի հետ կապված 2 միջոցառումները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am