ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը նշել է կազմավորման 29-ամյակը

Armenpress 20:20, 5 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 5-ին ՌՈ-ում կազմակերպված միջոցառմանը ռազմական ոստիկաններին ողջունել և շնորհավորել է ՌՈ պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանը: Ի հիշատակ մարտական գործողությունների ընթացքում զոհված ռազմական ոստիկանների՝ հնչեցվել է աղոթք, ծաղիկներ են խոնարհվել հայրենիքի պաշտպանության ընթացքում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում կազմակերպված արարողությանը մասնակցել և զոհված ռազմական ոստիկանների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը:

«Ողջունելով և շնորհավորելով  մասնագիտական տոնի կապակցությամբ, Վաղարշակ Հարությունյանը կարևորել է զինված ուժերում կարգապահության ամրապնդման և իրավակարգի ապահովման ուղղությամբ ռազմական ոստիկանության դերակատարումը, բարձր գնահատել կառույցի գործունեությունը արցախյան վերջին պատերազմի ընթացքում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև զինված ուժերում, մասնավորապես՝ ռազմական ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին և ընդգծել, որ նոր եռանդով ու առավել  պատասխանատվությամբ է պետք շարունակել հայրենիքի անվտանգության ապահովմանն ուղղված ծառայությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ միջոցառման ավարտին հանձնվել են Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, անձնուրացության համար հետմահու շնորհված պարգևներ: Պարտականությունների բարեխիղճ կատարման և օրինակելի ծառայության համար խրախուսվել են ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ։             

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am