Սյունիքի մարզում հիմնադրվել է ռուսական 102-րդ ռազմական բազայի 2 նոր հենակետ. Փաշինյան

Armenpress 17:31, 3 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզում հիմնադրվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի 2 նոր հենակետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ՝ դա գաղտնիք չէ, որ Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմական բազայի 2 նոր հենակետ է հիմնադրվել, և այդ նոր հենակետերի հիմնադրումը լրացուցիչ երաշխիք է Սյունիքի մարզի և ընդհանրապես ՀՀ անվտանգությունն ապահովելու համար: Սա շատ կարևոր արձանագրում է: Ես նախկինում էլ, անդրադառնալով, ասել եմ՝ խնդիրն այն է, որ անվտանգային այն համակարգը, որը մենք ունեցել ենք և ունենք, տարածվել է ՀՀ-ի սահմանների վրա: Իսկ որո՞նք են այդ սահմանները՝ այդ սահմանների նկարագրությունը տվել է ՀՀ Ազգային ժողովը 2010 թվականին ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ԱԺ դահլիճում մարդիկ կան, ովքեր թմբկահարում են, թե ինչո՞ւ է ՀՀ սահմանն այստեղ և ինչո՞ւ է Շուռնուխին հաջորդում Ադրբեջանը, բայց այդ մարդիկ հիմա քափ քրտինքի մեջ ջանքեր են գործադրում, որ սահմանն այդտեղ ֆիքսած մարդկանց համամասնական ցուցակներում տեղ զբաղեցնեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am