Օպերային երգիչ Վալերի Հարությունյանի 80-ամյակին Կամերային երաժշտության տանը համերգ կանցկացվի

Armenpress 11:12, 30 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Օպերային երգիչ Վալերի Հարությունյանը, որը կյանքից հեռացել է 2017 թվականին, այս տարի կտոներ 80-ամյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վաստակավոր արտիստի հոբելյանի առթիվ նրան նվիրված համերգային երեկո է կազմակերպվել: Այն տեղի կունենա մայիսի 10-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Համերգին ելույթ կունենան սոպրանո Ռուզան Մանթաշյանը,  բարիտոն Գուրգեն Բավեյանը,  դաշնակահար Մարգարիտ Սարգսյանը:

Կհնչեն Սայաթ-Նովայի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Պյոտր Չայկովսկու, Անտոնին Դվորժակի, Գաբրիել Ֆորեի, Էրնեստ Շոսսոնի, Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները:

Վալերի Հարությունյանը երգել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Թատրոնում արտիստական գործունեությանը զուգահեռ Հարությունյանը երկար ժամանակահատված երգել է նաև Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի երգչախմբում:

Հայաստանի Օպերային թատրոնում սիրված արտիստը կերտել է ավելի քան 20 կերպար: ՀՀ մշակույթի նախարարությունը Վալերի Հարությունյանին արժանացել է ոսկե մեդալի, իսկ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ շքանշանի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am