Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նոր նախագահ ունի

Armenpress 13:48, 29 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովին, որի ընթացքում ընտրվեց Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը, ներկա էր նաև Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Յուրի Զայցևը:

Մինչ քվեարկության մեկնարկը 4 թեկնածուներից 2-ը հանեցին իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվեց սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանի և Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի միջև:

Ընտրությանը նախորդեց թեկնածուների  կողմից իրենց ծրագիրը ներկայացնելու գործընթացը:

Հովհաննես Հովսեփյանը, ներկայացնելով բռնցքամարտի զարգացման իր ծրագիրը, շեշտեց, հայկական բռնցքամարտը պետք է բարձրանա նոր համաշխարհային մակարդակի:

Հակոբկոխյանն էլ շեշտեց, որ իր առաջին գործը լինելու է այն, որ մարզիկները ստանան փորձ հավաքելու հնարավորություններ:

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը գրանցված 95 մասնակիցներից քվեարկեց 92-ը:

Քվեների 67/10 հարաբերակցությամբ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը: 15 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am