Եվս 14000 քաղաքացի կարող է պատվաստվել COVID-19-ի դեմ. ներկրվել է «Sputnik-V»-ի նոր խմբաքանակ

Armenpress 21:29, 26 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 14000 անձի համար (առաջին բաղադրիչը): «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:  

Նշվում է, որ հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։

Մարտի 28-ին «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ  «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 24 000 դեղաչափ: Ապրիլի 8-ին ներկրվել է «Sputnik-V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ` 7500 անձի համար։ 

COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում ռիսկի խմբում գտնվող անձանց համար` շաբաթվա բոլոր օրերին։

ՀՀ-ում ինչպես բոլոր, այնպես էլ COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացվում են միայն կամավորության սկզբունքով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am