Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարը տպավորվել է «Եռաբլուր» կատարած այցից

Armenpress 19:22, 24 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը Հայաստանում իրեն ուղեկցող պատվիրակության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պետքարտուղարն ասաց հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Որոշեցի ինձ ուղեկցող պատվիրակության հետ իմ խոնարհման տուրքը մատուցել «Եռաբլուր»-ում, որտեղ հանգչում են նահատակները, նրանց թվում՝ Շանթ Նավոյանը՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանող, որը նահատակվեց 44-օրյա պատերազմի ընթացքում»,- ասաց Լըմուանը:

ԱԳ պետքարտուղարը նշեց, որ այնտեղ հուղարկավորված են Ֆրանսիական համալսարանի ևս 10 ուսանողներ, որոնց նկարների առջև ինքն արդեն հարգանքի տուրք մատուցել էր, սակայն որոշել էր անձամբ այցելել նրանց շիրիմներին:

«Նրանք երիտասարդ էին և ներկայացնում էին Հայաստանի ապագան և խորտակվեցին բուն թռիչքի ժամանակ: Դանակի սուր հարված ես զգում, երբ նրանց շիրիմների վրա տեսնում ես նրանց ծննդյան տարեթվերը՝ 2000, 2001, 2002 թվականներ, շատ ծանր է, հավատացնում եմ ձեզ»,- նշեց Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարը:

Ֆրանսիայի Արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հիշատակի արարողություններին:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am