ՀՔԾ-ն կստուգի Գորիսի փոխքաղաքապետի նկատմամբ ոստիկանությունում բռնություն կիրառելու մասին հաղորդումը

Armenpress 16:33, 24 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունը իրավական պատշաճ ընթացակարգերով կստուգի Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում բռնություն կիրառելու մասին հաղորդումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

«Այդ կապակցությամբ մենք ստացել ենք հաղորդում, իրավական պատշաճ ընթացակարգերով այդ հաղորդումը կստուգվի: Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի»,- նշեց Խաչատրյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ից գտնվում էր Սյունիքի մարզում: Ապրիլի 21-ի առավոտյան Սյունիքի մարզի Ագարակ համայնքում մի խումբ քաղաքացիներ թույլ չէին տվել վարչապետի տեղաշարժը՝ վանկարկումներով ու հայհոյախառն արտահայտություններով: Դրանից հետո Սյունիքի մարզի մի խումբ համայնքապետեր և փոխքաղաքապետեր հրավիրվել էին Քննչական կոմիտե:

Ապրիլի 21-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել 258-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերով (Խուլիգանությունը) և 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բնություն գործադրելը):

Մենուա Հովսեփյանը, ըստ Գորիսի մեկ այլ փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի, Երևան քաղաքի վարչությունում մարմնական վնասվածքներ էր ստացել: Նրա նկատմամբ ձերբակալությունը դատարանը ապրիլի 23-ին ոչ իրավաչափ էր համարել: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am