ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն

Armenpress 18:21, 23 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, հանդիսությունը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյունների ներքո և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Ա. Մարալչյանի կողմից  հայտարարված լռության րոպեով՝ ի հիշատակ հանուն հայրենիքի հավերժ հերոսացած սահմանապահների և բոլոր հայորդիների:

Այնուհետև արարողությունն ուղեկցվել է նորակոչիկների կողմից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրհներգի կատարմամբ և հանդիսավոր շքերթով:

«Զորամասի շարահրապարակում, մարտական դրոշի ներքո տեղի է ունեցել նաև խորհրդանշական այս միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը, որի ընթացքում նորակոչիկներն ընթերցել են զինվորական երդման տեքստն ու  սահմանված կարգով ստորագրել այն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը մասնակցել և շնորհավորանքի խոսքեր են հղել ՀՀ ԱԱԾ տնօրենի օգնական, ՍԶ վետերանների միավորման նախագահ Հ. Կարապետյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարզային ստորաբաժանումների, Սահմանապահ զորքերի ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից նաև հայտնում են, որ սահմանապահ զորքերի հրամանատարն իր շնորհավորական խոսքում բարձր է գնահատել զորամասի հրամանատարական կազմի կողմից նորակոչիկների ուսուցման և կարգապահության ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքները։

Արարողության ավարտին Սահմանապահ զորքերի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել նորակոչիկների և նրանց ծնողների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am