Մի՞թե նման բաժանարար գծերը կնպաստեն կարգավորման հասնելուն. Զախարովան՝ Բաքվի «ռազմավարների պուրակ»-ի մասին

Armenpress 19:22, 22 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Բաքվում բացված « ռազմավարների պուրակին» և նշել՝ ռուսական կողմը հուսով է, որ հակամարտության կողմերը գործնական հարցերում կձգտեն այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն հարաբերությունների կարգավորմանը, ոչ թե նոր բաժանարար գծեր ստեղծելուն:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ամենշաբաթյա ճեպազրույցում Զախարովան հիշեցրել է, որ հսկայական գին է վճարվել՝ մարդկային կյանքեր, և պետք է օգտագործել այս պահը խաղաղ կյանքի, ոչ թե իրավիճակը նախկինից էլ շատ սրելու համար։

«Այո, մենք կարող ենք շատ բաների հետ չհամաձայնվել։ Ինչ-որ մեկն ուզում է շարունակել պատերազմը, ինչ-որ մեկը ռևանշ է ուզում։ Բայց դա՞ է նպատակը։ Եվ մի՞թե նման բաժանարար գծերը, նման խնդիրները կնպաստեն կարգավորման կամ խաղաղության հաստատման հասնելուն։ Ահա այս հարցը պետք է տալ... Պատասխանն ակնհայտ է՝ իհարկե ոչ, չի նպաստի», – ընդգծել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը:

Նա նշել է, որ Մոսկվան այս փուլում կարևորագույն խնդիր է համարում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վստահության միջոցների ամրապնդումը, տնտեսական դրական օրակարգի ձևավորումը, որը կարող է Անդրկովկասի զարգացման հեռանկար ապահովել:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am