Սյունիքի Ներքին Հանդ և Կաղնուտ բնակավայրերի բնակիչները ստացան գյուղատնտեսական մոտոբլոկներ

Armenpress 13:50, 21 Ապրիլ, 2021

ՍՅՈՒՆԻՔ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Հանդ և Կաղնուտ բնակավայրերում մշտապես բնակվող ընտանիքներին տրամադրվեցին տնկիներ և գյուղատնտեսական մոտոբլոկներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ծրագիրն իրականացնում է կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը` «Աջակցություն Հայաստանին» նախաձեռնության հետ համագործակցությամբ:

«Վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի շրջանակում փորձագիտական խմբի հետ շրջել ենք Սյունիքի տարբեր գյուղերում, փորձել բնակիչների հետ հասկանալ իրենց խնդիրներն ու առաջնահերթությունները: Քննարկումների արդյունքում որոշվեց բնակչներին տրամադրել տնկիներ և փոքր տնտեսությունների համար նախատեսված մոտոբլոկներ` իրենց կցամասերով, որոնցով հնարավոր է մշակել մինչև 3 հա տարածք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը:

Ղուկասյանը նշեց, որ ծրագրի նպատակն առանձին տնտեսություններն ուժեղացնելն է:

«Սա օգնություն չէ, զարգացմանն ուղղված ծրագիր է: Մենք օգնություններ չենք տալիս, մենք զարգացման ենք տանում փոքր գյուղերև և փորձում ենք այնպես անել, որ փոքր գյուղերն ամբողջությամբ տանենք մեխանիզացման»,- նշեց վարչապետի խորհրդականը:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Կաղնուտ բնակավայրի ընտանիքներին տրամադրվել է 13, իսկ Ներքին Հանդ բնակավայրին` 12 մոտոբլոկ, սակայն այն ընտանիքները, որոնք ստացել են տեխնիկան, պարտավորվում են օգնել նաև նման տեխնիկա չստացած բնակիչներին:

«Երևի, գյուղացիները, որքան այգի չէին մշակում, այս տեխնիկայով կմշակեն: Մոտավորապես 3 հա այգի կա, որ չի մշակվում: Գյուղում հիմնականում ապրում է 50 հոգի` 20 ընտանիք, պատերազմից հետո ոչ մեկը չի գնացել գյուղից»,- ասաց Կաղնուտ բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Հովհաննիսյանը:

Ներքին Հանդ համայնքի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ընգծեց, որ բնակիչներին տրամադրված տեխնիկան լիովին բավական է գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու համար:

«Գյուղում զբաղվում են հիմնականում անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ… Ընկույզի տնկիներ են բերել: Առաջարկեցինք, որ նաև արքայանարնջի շիվեր բերեն»,- նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ գյուղի բնակիչները նվիրված են իրենց հողին և պատերազմից հետո էլ մտադրություն չունեն լքելու իրենց տները:

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի խոսքով` բնակիչներին տրամադրված մոտոբլոկները կնվազեցնեն Ներքին Հանդում և Կաղնուտում բնակվողների հոգսերը:

«Բնակիչների հետ աշխատելով հասկացանք, որ այստեղ այս մոտոբլոկները պետք են, մտահղացումը շատ կարճ ժամանակում իրականացվեց: Սրանով բնակիչների հոգսը նվազեցնելու ենք, և բնակիչների համար ավելի հեշտ է լինելու իրենց այգին ու այլ հողատարածքները մշակելը: Անելու ենք մեզնից կախված ամեն ինչ, որ Հանդն ու մեր բոլոր բնակավայրերը զարգանան»,- նշեց Բաբայանը:

Կառավարության միջգերատեսչական աշխատանքային խումբն առաջիկայում տարբեր ծրագրեր է նախատեսում իրականացնել նաև Դավիթ Բեկ, Եղվարդ և Շիկահող բնակավայրերում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am