Եվրանեսթում Հայաստանի պատվիրակության ղեկավարն ընդգծել է ԼՂ ժողովրդի ինքնորոշմանն այլընտրանք չլինելը

Armenpress 18:03, 19 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշմանն այլընտրանքի բացակայությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ենգիբարյանն ասել է խորհրդարանական վեհաժողովի առցանց լիագումար նիստի ընթացքում:

«Լեռնային Ղարաբաղում ժողովրդի ինքնորոշումն այլընտրանք չունի, ինքնիշխանություն հանուն փրկության բանաձևի ընդունումն Արցախի ժողովրդի կենսական իրավունքների երաշխավորման նպատակին հասնելու միակ տարբերակն է, և ես մեր բոլոր գործընկերներին կոչ եմ անում նպաստել դրա իրականացմանը»,- նշել է Ենգիբարյանը:

Պատգամավորը հավելել է, որ Հայաստանը Եվրանեսթը տեսնում է, որպես հարթակ, որը միացնող կամուրջ է հանդիսանում հուսալի հարաբերությունների կառուցման համար և շատ կարևոր է, որ այդ հարթակն օգնի թուլացնել տարածաշրջանում առկա լարվածությունը և նպաստի ավելի կառուցողական միջավայրի ստեղծմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am