Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք, մահացել է 17 մարդ

Armenpress 11:09, 19 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք, առողջացել է 1551 քաղաքացի, մահացել է՝ 17-ը: Հիվանդության նոր դեպքերի փոքր թիվը պայմանավորված է շաբաթ-կիրակի օրերի քիչ թեստավորմամբ: Մեկ օրում կատարվել է 2176 թեստավորում. թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 937603-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 208818 դեպք, որոնցից 189017-ն առողջացման, 3895-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 14924 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 982 է:

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am