Անիմացիոն  Annie Awards մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը շահել է «Հոգի» մուլտֆիլմը

Armenpress 13:32, 17 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «Հոգի» ("Soul”) մուլտֆիլմը հաղթել է հեղինակավոր Annie Awards մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը՝ դառնալով տարվա «Լավագույն անիմացիոն ֆիլմը»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 16-ին տեղի ունեցած 48-րդ մրցանակաբաշխությունը կորոնավիրուսի պատճառով անց է կացվել վիրտուալ ձևաչափով:

«Հոգի» մուլտֆիլմը «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում արդեն ստացել է «Ոսկե գլոբուս»: Այն առաջադրված է նաև Օսկարի:

Pixar ընկերության մուլտֆիլմը պատմում է դպրոցական ուսուցչի մասին, որը երազում է հանդես գալ ջազային նվագախմբում: Երբ հաջողությամբ անցնում է լսումները հայտնի ակումբային երգչուհու մոտ, տուն վերադառնալու ճանապարհին ընկնում է դիտահորը և մահանում: Մահանալուց հետո ուսուցչի հոգին սկսում է ճանապարհներ որոնել կյանք վերադառնալու համար:

Annie Awards մրցանակաբաշխությունն ամենահայտնիներից է անիմացիայի աշխարհում: Այն շնորհվում է 1972 թվականից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am