Հյուրանոցային ծախսերը հոգում է վրացական կողմը. ՀՀ նախագահի աշխատակազմի պարզաբանումը

Armenpress 14:37, 16 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է որոշ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությանը Վրաստան այցի ընթացքում ՀՀ նախագահի հյուրանոցային ծախսերի վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունը. 

«Ի պատասխան որոշ ԶԼՄ-ների տարածած ակնհայտ սուտ և կեղծ տեղեկատվության՝ հարկ ենք համարում հայտնել, որ Հանրապետության նախագահը Վրաստանում է գտնվում պաշտոնական այցով, և նախագահի հյուրանոցային ծախսերը, ինչպես սովորաբար ընդունված է պաշտոնական այցերի դեպքում, հոգում է հրավիրող կողմը:

Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ միտումնավոր կերպով բացարձակապես կեղծ տեղեկություններ տարածելուց և հասարակությանը թյուրիմացության մեջ գցելուց»: 

Որոշ ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածվել, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բնակվում է Թբիլիսիի «The Biltmore» հյուրանոցի թագավորական սենյակում, որի մեկ գիշերվա արժեքը 2000 ԱՄՆ դոլար է՝ նշելով, որ դա պետական միջոցների մսխում է: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am