Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Armenpress 12:12, 13 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արշակունյաց պողոտայում ապրիլի 12-ին, ճանապարհը չթույլատրված հատվածով անցնող 27-ամյա Կամո Ամիրխանյանին վրաերթի ենթարկած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եղել է աշխարհի և Եվրոպային չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ  Սիմոն Մարտիրոսյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:

«Ապրիլի 12-ին Երևան քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով – հեղ.)»,- ասաց Եգանյանը:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 12-ին ժամը 22:30-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am