Գերիների վերադարձը ռուսական կողմի համար առաջնահերթությունների շարքում է. ՌԴ դեսպան

Armenpress 12:51, 12 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերիների վերադարձի հարցը Ռուսաստանի ղեկավարության և ռուսական խաղաղապահ զորակազմի համար առաջնահերթությունների շարքում է, և աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ապրիլի 12-ին Երևանի «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում լրագրողների հետ կայացած ճեպազրույցում:

«Գերիների վերադարձի հարցը ռուսական կողմի համար առաջնահերթություններից մեկն է: Այդ ուղղությամբ համառ ու հետևողական աշխատանք է ընթանում: Փաստացի տեղյակ եք՝ մեկ անգամ չէ, որ գերիներ են վերադարձել: Ես վստահ եմ, որ Մուրադովն այդ ուղղությամբ կշարունակի աշխատանքը»,-ընդգծեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարությունն առ այն, թե իբր «բոլոր գերիները վերադարձված են», դեսպանը դժվարացավ մեկնաբանել. «Որքանով ինձ է հայտնի՝ աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է, և ռուսական կողմի համար այն առաջնահերթությունների շարքում է»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am