Tesla-ն կրկին հերքել է Չինաստանում լրտեսելու նպատակով մեքենաներն օգտագործելու մասին մեղադրանքները

Armenpress 21:51, 7 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Tesla ընկերության կողմից արտադրվող ավտոմեքենաներում տեսախցիկները Հյուսիսային Ամերիկայից դուրս ակտիվացված չեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ավտոարտադրող ընկերությունը հայտնել է չինական սոցիալական ցանցի էջում՝ պատասխանելով աշխարհի ամենամեծ ավտոշուկայից հնչող մտահոգություններին:

Reuters –ի աղբյուրները հայտնել էին, որ Tesla-ն քննադատության է ենթարկվում Չինաստանում, որտեղ զինվորականները մարտին արգելել էին իրենց համալիրներ ընկերության մեքենաների մուտքը՝  ասելով, թե կան մտահոգություններ դրանցում գտնվող տեսախցիկների հետ կապված:

Ընկերությունը Weibo սոցիալական ցանցում հայտնել է, որ անգամ ԱՄՆ-ում մեքենայի սեփականատերերը կարող են ընտրել, թե երբ միացնեն կամ անջատեն տեսախցիկները:

Ավելի վաղ ընկերության հիմնադիր Իլոն Մասկը ևս հայտարարություն էր արել՝ հերքելով չինական կողմից եկող հայտարարությունները: Նա հայտնել էր, որ իրենց համար կարևոր է հաճախորդների անձնական տեղեկատվության գաղտնիությունը : «Եթե Tesla-ն օգտագործեր մեքենաները Չինաստանում կամ այլուր լրտեսության համար, ապա այն պարզապես կփակվեր»,- ասել էր նա:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am