Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ  ագրեսիվ քաղաքականությունը. ՀՀ վարչապետ

Armenpress 12:27, 6 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման և տնտեսական պատկերի վերականգնման համար Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ  ագրեսիվ քաղաքականությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նախ հիշեցրել է, որ հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից դեռևս 1993 թվականին: Հայաստանը միշտ կողմ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, սակայն այն մերժվել է հենց Թուրքիայի կողմից:

«Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր թափ է ստացել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 44-օրյա ագրեսիայի ընթացքում: Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին ուղղակի ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելով նաև օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին։ Այս համատեքստում, ամուր խաղաղության հաստատման և տարածաշրջանում տնտեսական պատկերի վերականգնման համար Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ այդ ագրեսիվ քաղաքականությունը»,- ասել է Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am