Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ռազմավարական գործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Armenpress 16:38, 5 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ապրիլի 7-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կքննարկեն երկու երկրների ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Նախատեսվում է քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և համագործակցությանն առնչվող ակտուալ հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հեռանկարները»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին հայտարարել էր նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ քննարկվելու է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունների ու եռակողմ փաստաթղթի կյանքի կոչման ընթացքը, ինչպես նաև հարցեր՝ կապված Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանում սկսված ընտրական գործընթացի, ռուս-հայկական համագործակցության ակտուալ հարցերի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am