Հայկ Մարությանն այցելել է Բաբաջանյան-Աշտարակ եւ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների ու կամուրջի շինհրապարակ

Armenpress 12:26, 2 Ապրիլ, 2021
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Երեւանի արեւմտյան օղակաձեւ ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ եւ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների ու կամուրջի շինհրապարակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայկ Մարությանը: 
«Այցելեցի Երևանի հարավ-արևմտյան շրջանցիկ ճանապարհի շինհրապարակ, ծանոթացա աշխատանքների ընթացքին: Ճանապարհը իրար կկապի Աշտարակի և Արտաշատի խճուղիները՝ շրջանցելով քաղաքի կենտրոնը հարավից ու հարավ-արևմուտքից: Այստեղ, ինչպես գիտեք, նաև 252 մետր երկարությամբ, մետաղական կոնստրուկցիայով նոր կամուրջ ենք կառուցում՝ Հրազդան գետի վրայով անցնեղ հինգերորդ կամուրջը:
Աշխատանքները ամբողջ թափով ընթացքի մեջ են: Նախատեսում ենք ճանապարհահատվածն ու կամուրջը շահագործման հանձնել տարվա երկրորդ կեսին»,- գրել է Մարությանը:
Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհի ընդհանուր երկարությունը 9.4 կմ է, միջին լայնությունը՝ 24 մ: Այն կունենա 3 ուղեանց, 3 անցում՝ երկրորդային ճանապարհների համար, ինչպես նաև մեկ տրանսպորտային հանգույց Նոր Սիլիկյան փողոցի հետ հատման վայրում: Ճանապարհը լուսավորվելու է LED տիպի լուսադիոդային լամպերով: Ճանապարհահատվածի տակ գտնվող գրեթե բոլոր հաղորդուղիները տեղափոխված են:
Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի ամբողջ երկարությունը 2.7 կմ է, իսկ միջին լայնությունը՝ 26 մ: Այն ներառում է նաև Հրազդան գետի վրա 252 մետրերկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջը:
Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա երկրորդ կեսին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am