ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի համար քվորում չապահովվեց

Armenpress 16:50, 1 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որում երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, չսկսվեց քվորում չապահովվելու պատճառով, մինչև 3 ժամվա ընթացքում քվորում ապահովելու դեպքում նիստը կկայանա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Քվորում ըստ էության չի ապահովվել: Ես առաջարկում եմ ԱԺ կանոնակարգ օրենքով և մեր կանոնադրությամբ սահմանված կարգով սպասել մինչև 3 ժամ: Երբ ապահովվի քվորում, նիստը կսկսենք»:

ՀՀ ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 1-ի նիստում առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է  «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ցուցակները և ընտրությունների գնալ պարզ համամասնական ընտրակարգով: Նախագիծը քննարկվում է հատուկ ընթացակարգով, ըստ այդմ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը ևս նախատեսվում է անցկացնել ապրիլի 1-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am