Եթե պետգնումների ժամանակ 50%-ից ավելին լինի տեղական արտադրության ապրանք, ապա պետությունը 1 տոկոսի չափով կսուբսիդավորի

Armenpress 13:38, 1 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը սահմանեց Պետական գնումների ընթացակարգերում հակաճգնաժամային միջանկյալ մեխանիզմի կիրառման պայմաններ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը նշեց, որ մեկ մլն դրամը գերազանցող և մրցակցային ձևով կնքված բոլոր պայմանագրերի կողմերին առաջարկվում է օգտվել պետբյուջեից սուբսիդիաներ ստանալու մեխանիզմից:

«Մասնավորապես, եթե այդ կազմակերպությունները իրենց պայմանագրերը կատարելիս կօգտագործեն ավելի քան 50 տոկոս տեղական ծագման ապրանքներ ու ծառայություններ եւ այդ փաստը կհիմնավորվի, պայմանագրի գնի 1 տոկոսի չափով սուբսիդավորում կարող են ստանալ:

Մի կողմից փորձել ենք նպաստել տնտեսության լիկվիդայնության աճին, մյուս կողմից մեղմել պետական գնումների մասնակիցների կողմից արվող ծախսերը, նաեւ աջակցել տեղական արտադրության խթանմանը: Քանի որ մրցակցային գնումների ծավալը կազմելու է շուրջ 112 մլրդ դրամ, գործիքի կիրառման արդյունքում աջակցությունը կկազմի 1,12 մլն դրամ»,- ասաց Բրուտյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am