ԱԺ հանձնաժողովի աշխատանքային նիստում քննարկվել է համացանցում ատելության խոսքի կարգավորման հարցը

Armenpress 15:36, 30 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել աշխատանքային նիստ՝ «Ատելության խոսքի կարգավորումը ՀՀ օրենսդրությունում» խորագրով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից:

Քննարկմանը մասնակցել են համացանցային տիրույթի կարգավորմամբ եւ կառավարմամբ զբաղվող անձինք, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի պատվերով համացանցային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարի կարգավորման ուսումնասիրություններ են կատարել փորձագետներ Արա Ղազարյանն ու Դավիթ Ասատրյանը: Զեկույցը պատրաստվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում:

 Հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը նշել է, որ սա թեմայի վերաբերյալ երրորդ քննարկումն է: Նախորդ անգամ ներկայացվել են փորձագետների զեկույց-առաջարկները եւ քննարկվել վիրտուալ տիրույթի ինքնակարգավորման հնարավորությունները:

Փորձագետներն առաջարկել են  հեռահաղորդակցության եւ սոցիալական ցանցերի օպերատորներին իրենց պայմանագրերում ամրագրել ատելության խոսքի վերաբերյալ դրույթ, ինչը պարտավորություն կստեղծի օգտատերերի մոտ՝ հետեւելու սեփական վարքագծին: Դա կզարգացնի նաեւ մեդիագրագիտությունը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցչի համար առաջարկն ընդունելի է եղել: Նա նաեւ կարծում է, որ ինֆորմատիկա առարկայով կարելի է մեդիագրագիտություն ուսանել:

Ոլորտի մասնագետների կարծիքով՝ նշյալ առաջարկը խնդիրներ կստեղծի օպերատորների համար, քանի որ վերջիններս պատասխանատու չեն բովանդակության համար. նրանք ապահովում են միայն անխափան կապը:

Փորձագետներն ընդգծել են, որ գործող պայմանագրերում առկա է ցանցային էթիկետ դրույթը, որը կարելի է վերաձեւակերպել: Գործող դրույթի վերաձեւակերպմանը համաձայնություն են տվել ոլորտի մասնագետներն այն պայմանով, որ օպերատորների վրա այլ պատասխանատվություն չի դրվելու եւ ապագայում մշտադիտարկում չեն իրականացնելու: Դրույթը պայմանագրում ամրագրվելու է միայն որպես տեղեկատվություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am