ՄԻԵԴ-ի վճիռներով արձանագրված է՝ Ադրբեջանում հայասպանությունը խրախուսվում է իշխանությունների կողմից. ՀՀ ՄԻՊ

Armenpress 15:03, 29 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահը, այդ երկրի իշխանությունները Հայաստանի, ՀՀ քաղաքացու ու հայ ժողովրդի նկատմամբ տարիներ ի վեր վարել և շարունակում են վարել ատելության ու թշնամանքի քարոզի, էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն: Նույնն արել են կամ բացահայտ խրախուսում են Թուրքիայի իշխանությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ բերելով իր ասածը հաստատող երեք օրինակ:

«Ադրբեջանի նախագահը «Նոր Ադրբեջան» կուսակցության 2021թ. մարտի 5-ի 7-րդ համագումարի ուղերձում հպարտացավ. «Երիտասարդ սերունդը մեծացել է թշնամու հանդեպ ատելության զգացումով»: Թշնամի ասելով՝ նկատի ունի Հայաստանն ու ողջ հայ ժողովրդին, որին ատում է մի ողջ սերունդ»,-նշել է ՄԻՊ-ը:

Նա հիշատակել է այն, որ Թուրքիայի նախագահը 2020թ. դեկտեմբերի 10-ին Բաքվի ռազմական միջոցառման ժամանակ Արցախում պատերազմը համեմատեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության և 1918 թվականի սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերի հետ: Այդ օրը` դեկտեմբերի 10-ը, ըստ Էրդողանի, Ահմեդ Ջևադ բեյի, Նուրի փաշայի, Էնվեր փաշայի, Կովկասի իսլամական բանակի անդամների հոգիների փառավորման օրն էր:

«ՄԻԵԴ-ի վճիռներով արձանագրված է, որ Ադրբեջանում հայասպանությունն ունի էթնիկ շարժառիթներ ու խրախուսվում է իշխանության մարմինների կողմից: Ուստի, ինչ գործընթաց կամ ծրագիր էլ լինի կամ ինչ բառեր էլ օգտագործվեն՝ այս հիմնարար իրողություններն անտեսվել չեն կարող: Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացու, հայ ժողովրդի կյանքի, ֆիզիկական անվտանգության կամ որևէ այլ իրավունքի, Հայաստանի բնակչության բնականոն կյանքի ու խաղաղության հաշվին միակողմանի որևէ գործընթաց զարգանալ չի կարող, իսկ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ պետական աջակցությամբ ատելությունն ու թշնամանքն Ադրբեջանում կամ Թուրքիայում ոչ միայն չի նվազել, այլ պատասխանատվություն չկրելու պատճառով ստանում է նոր դրսևորումներ»,-ընդգծում է Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի այս հայտարարությունն ուղիղ պայմանավորված է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների զինված հարձակումների ընթացքում ու դրանց դադարից հետո արձանագրված ու շարունակվող մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, ինչպես նաև հաշվի է առնում այն, որ հարցը դարձել է լայն հանրային քննարկման առարկա:

Նա հրապարակել է մի լուսանկարը, որը պատերազմի ընթացքում հատուկ պատրաստվել ու լայնորեն տարածվում էր ադրբեջանական և թուրքական սոցիալական ցանցերում` խրախուսելով ադրբեջանական վայրագությունները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am