Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև շփումները պարբերական բնույթ ունեն. Պեսկով

Armenpress 13:11, 29 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև շփումները պարբերական բնույթ ունեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին մարտի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա հայտնել է, որ երկու երկրի ղեկավարները «վերջերս են խոսել, շփումներ պարբերաբար տեղի են ունենում»:

Պեսկովն ընդգծել է, որ ապրիլին հրաժարական տալու մասին Փաշինյանի որոշումը որևէ կերպ ՌԴ նախագահի հետ հրատապ խոսելու անհրաժեշտություն չի առաջացրել: «Նա [Փաշինյանը] կմնա [Հայաստանի վարչապետի] պաշտոնակատար, ուստի հրապարակված որոշումը անհապաղ խոսելու անհրաժեշտություն չի առաջացնում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Մարտի 28-ին Արմավիրի մարզի Արագած համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլին հրաժարական է տալու՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am