Ղազարոս Սարյանի 100-ամյակը Երևանում կնշվի համերգային ծրագրով

Armenpress 14:50, 27 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտիրոս Սարյանի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանները համերգային ծրագրով կտոնեն կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի 100-ամյա հոբելյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը տեղի կունենա ապրիլի 9-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:

Երեկոյին կհնչեն կոմպոզիտորի կամերային-գործիքային ստեղծագործությունները՝ Կվարտետ N 1-ը, որը Երևանում կներկայացվի առաջին անգամ, Կվարտետ N 2-ը: Կներկայացվեն նաև Անդանտե և Պրեստո (ջութակի և դաշնամուրի համար), Արիա և Տոկկատ (ջութակի և դաշնամուրի համար), Սոնատ դաշնամուրի և թավջութակի համար N 1-ը, որը ևս Երևանում կատարվում է առաջին անգամ, Սոնատ դաշնամուրի և թավջութակի համար N 2-ը, Սերենադ (դաշնամուրի և շեփորի համար) ստեղծագործությունները:

Ելույթ կունենան «Արս լունգա» դուետը, Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոս Յ. Դարյանը և կոնսերվատորիայի Կամերային անսամբլի ֆակուլտետի ուսանողները:

Համերգն իրականացվում է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի 100-ամյա հոբելյանի շրջանակում: Ծրագրի նախաձեռնողն ու գեղարվեստական ղեկավարը ՀՀ վաստակավոր գործիչ Արամ Թալալյանն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am