Արթուր Դավթյանը Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել է հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ գործադրվող ջանքերը

Armenpress 18:05, 25 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են դաշնակից երկու երկրների միջև իրավական փոխօգնության, քրեաիրավական ոլորտում փոխհարաբերությունների զարգացման խորացմանը և փորձի փոխանակմանը միտված նախանշված համատեղ միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ:

Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձման հնարավորություններին, այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին: ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին, մասնավորապես նաև ՌԴ գլխավոր դատախազությանը այս ուղղությամբ իրականացվող ակտիվ քայլերի համար և նշել ամենօրյա շփումներով գործընթացի շարունակման մասին: 

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ,սույն թվականի հունվարին ՀՀ գլխավոր դատախազի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում Արթուր Դավթյանը ՌԴ իր գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին, հրավիրել էր Հայաստան: Հրավերն ընդունվել է, և ապրիլին նախատեսված է ՌԴ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր: 

Արթուր Դավթյանը և դեսպան Կոպիրկիննայս համատեքստում քննարկել են նաև վերոնշյալ այցի օրակարգին, կազմակերպչական խնդիրներին վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am