ՀՔԾ-ն կլուծարվի, կստեղծվի Հակակոռուպցիոն կոմիտե

Armenpress 11:03, 24 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած Հակակոռուպցիոն կոմիտեի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հատուկ քննչական ծառայության լուծարում և Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 80 «կողմ», 38 «դեմ», 2 «ձեռնպահ» ձայներ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը:

Որոշվել է նաև լուծարել Հատուկ քննչական ծառայությունը: Մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մրցույթի իրականացումը և դրա արդյունքում պաշտոնի նշանակվելը, Հատուկ քննչական ծառայության քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակռուպցիոն կոմիտեի քննիչներ: Այդ ընթացակարգով կնշանակվի 20 անձ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am