Գևորգ Գորգիսյանը մանրամասներ հայտնեց ԱԱԾ հրավիրվելու առնչությամբ

Armenpress 12:26, 23 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել՝ որպես վկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գորգիսյանն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ մանրամասներ ներկայացնելով նախորդ օրը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառումից:

«Ինչպես հասկացա ԱԱԾ-ից ստացված նամակից, նոյեմբերի 9-10-ի օրերին ԱԺ քաղաքացիների մուտք գործելու հետ կապված գործի ուսումնասիրության շրջանակներում ինձ հրավիրել են որպես վկա: Դեռ չեմ գնացել, մոտ ապագայում կայցելեմ»,-ասաց Գորգիսյանն ու հավելեց, որ չգիտի, թե ինչ են ուզում հարցնել իրենից:

Պատգամավորը կապի մեջ է քննիչի հետ, քառօրյա նիստից հետո կպայմանավորվի, կգնա:

2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել էր հայտարարություն ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին, քաղաքացիները հավաքվել էին Ազգային ժողովի շենքի մոտ, մի քանի տասնյակ մարդ մտել էր խորհրդարանի շենք, հասել մինչև նիստերի դահլիճ: Մի քանի տասնյակ քաղաքացի մտել էր նաև Կառավարության շենք: Վնասվել էր մեծ քանակությամբ գույք ու տեխնիկա: Հարձակման էր ենթարկվել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am