Հայկական կողմին է փոխանցվել ևս 15 զինծառայողի աճյուն

Armenpress 18:03, 19 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում մարտի 19-ին հայկական կողմին է փոխանցել Վարանդային (Ֆիզուլի) տարածաշրջանից հայտնաբերված՝ ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող ևս 15 (նախնական տվյալներ) զինծառայողի աճյուն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Նրանց ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո»- նշված է հաղորդագրության մեջ:

2020 թվականի նոյեմբերի 13-ից 2021 թվականի մարտի 19-ը ներառյալ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը (նախնական տվյալներ) 1518 է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am