Ռուսաստանը հույս է հայտնել, որ Հայաստանում նախընտրական շրջանը կանցնի կառուցողական մթնոլորտում

Armenpress 19:14, 18 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ճեպազրույցին Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը Ռուսաստանը դիտարկում է որպես երկրի ներքին գործ:

«Արձանագրել ենք, որ կողմերը կարողացել են համաձայնության գալ ընտրությունների ամսաթվի շուրջ։ Մենք հույս ենք հայտնում, որ նախընտրական շրջանը կանցնի կառուցողական մթնոլորտում՝ ուղղված երկարաժամկետ արդյունքի հասնելուն», - ասել է Զախարովան:

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ նրա քննարկումներից հետո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am