«Սևան ազգային պարկի» հողերի վրա զոռբայությամբ կառուցված դղյակներն ապամոնտաժվում են. նախարար

Armenpress 18:34, 18 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի փետրվարից մինչ օրս Սևանի ափամերձ տարածքներից ապամոնտաժվել են մոտ երեք տասնյակ շինություններ, որոնք չունեն այդտեղ գտնվելու իրավական փաստաթուղթ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցում նշեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Այս փուլում ապամոնտաժումը, քանդումը և ափից հեռացումը կատարվում է բացառապես «Սևան ազգային պարկի» տնօրինման տակ գտնվող հողերի վրա առանց որևէ տեսակի իրավունքի, զոռբայության արդյունքում կառուցած դղյակների, շենք-շինությունների, պարիսպների կցակառույցներին և տաղավարների նկատմամբ։ «Սևան ազգային պարկը»՝ որպես պետական ինստիտուտ, իր լիազորությունների և իրավասությունների շրջանակում իր տարածքները կարող է պարզապես ազատագրել և վերադարձնել իր տնօրինման տակ։ Որևէ փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը՝ ավելացնելով, որ հաջորդ փուլով կապամոնտաժվեն կառուցապատման կամ վարձակալության որոշ թղթեր ունեցող տնտեսվարողների տարածքները, որոնք բոլոր դեպքերում կառուցված են իրավախախտումներով։

«Մենք իրենց ծանուցելու ենք նախապես և ժամանակ ենք տրամադրելու՝ եթե իրենց ձեռքով իրենց ապօրինի շինությունները չեն ապամոնտաժի, այդ դեպքում՝ արդեն օրենքով սահմանված կարգով «Սևան ազգային պարկը» սեփական միջոցներով կապամոնտաժի և դատական կարգով բռնագանձման հայց կներկայացնի դատարան՝ բռնագրավելու այն միջոցները, որոնք ծախսվել են ապամոնտաժելու վրա»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը։

Ըստ նախարարի՝ երբ հերթը հասնի թույլատրելի նիշից ներքև կառուցված, բայց պետական գրանցում ունեցող տիրապետմանը, այդ ժամանակ փոխհատուցման հարց կարող է քննարկվել: «Դա պետք է վիճարկենք բացառապես դատական կարգով և օրենքով սահմանված այլ ընթացակարգերով»,- ասաց նա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am