Ժոնաթան Լաքոտը բարձր է գնահատում Կառավարության պատրաստակամությունը ՀՀ- ում ֆրանսերենը տարածելու հարցում

Armenpress 16:58, 17 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնում Հայաստանի իշխանություններին ֆրանսերենի ուսուցման տարածմանը նպաստելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լաքոտն ասաց լրագրողների հետ հանդիպմանը:

«Շնորհակալություն եմ հայտնում նաև ֆրանսերենի ուսուցիչների մեծ համայնքին, ովքեր ամեն օր կատարում են իրենց պարտաճանաչ աշխատանքը: Հաջողությունը, որով պայմանավորված է ֆրանսերենի առկայությունը   Հայաստանում, մեծ մասամբ ստեղծվել է ֆրանսիական, ֆրանսալեզու ուսումնական հաստատությունների հաջողությամբ»,- նշեց Լաքոտը և հավելեց, որ առաջնահերթ ցանկանում է առանձնացնել Հայաստանում ֆրանսիական համալսարանի դերը, որն այսօր 1300 ուսանող ունի, և որ վերջին տարիներին գրանցում է ուսանողների մեծ աճ:

Նա իր գոհունակությունը հայտնեց, որ մեծ քանակի հայ երիտասարդներ, ովքեր երբևէ ֆրանսերեն չեն սովորել, այսօր իրենց կարիերան սկսում են նաև ֆրանսերեն սովորելով:

Լաքոտը վստահեցրեց, որ հենց կրթական լավ համակարգի ներդրման արդյունքում է, որ Հայաստանում կարելի  ֆրանսերեն սովորել սկսած մանկապարտեզից մինչև համալսարան: Դեսպանը շեշտեց՝ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ ծրագրեր ներդրվում են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:

«Ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցները, որոնցից շատերը ես վերջերս այցելել եմ, առանձնանում են մասնագիտական կարողություններով փայլող ուսուցչական կազմով, ինչպես նաև ժամանակակից կրթական մեթոդներով: Ֆրանսերենի խորացված ծրագրի ներդրումը ոգևորում է ուսանողներին, նաև աշակերտներին, բարձրացնում է դպրոցի վարկանիշը, նպաստում է աշակերտների հետագա հաջողությունների գրանցմանը»,- նշեց Լաքոտը և հավելեց, որ ֆրանսերենը ճանապարհ է դեպի ֆրանկոֆոն մշակույթ, դրանով էլ կարևորվում է ֆրանս- հայկական համագործակցության դերը:

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am