Ֆրանսիան կարևորում է Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցը

Armenpress 14:16, 17 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը վստահեցնում է, որ արցախա-ադրբեջանական պատերազմից հետո իրենց համար կարևորագույն հարցերից է եղել Արցախի մշակութային ժառանգության պահպանումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լաքոտն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Պատերազմի վերջում, դրան նախորդող օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրավիրել էր հատուկ ժողով հենց մշակութային ժառանգության վերաբերյալ հարցերը քննարկելու համար: Իհարկե, մենք շատ ենք ցանկանում, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանա արդյունավետ ձևով և կարճ ժամկետներում ուսումնասիրություններ կատարել տարածաշրջանում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարն էլ փաստում է, որ այդ ուսումնասիրությունները դեռևս չեն կատարվել, ինչի համար մենք շատ ցավում ենք»,- նշեց դեսպանը և հավելեց, որ բոլոր դեպքերում Ֆրանսիան ամեն ինչ անելու է մշակութային ժառանգության շրջանակում Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու առումով:

Անդրադառնալով Ֆրանսիայի մշակութային ժառանգության ազգային կենտրոնի ղեկավար Շառլ Պերսոնայի Հայաստան այցին՝ Լաքոտը շեշտեց, որ նպատակը մեկն էր՝ օգնել հայերին մշակութային ժառանգության ցանկ և տվյալների համակարգված բազա ստեղծելու հարցում:

«Նա նաև այստեղ էր գտնվում, որպեսզի  մշակութային ժառանգության հետ կապված հարցերում ընդհանուր առմամբ մասնագիտական հմտություններ փոխանցեր:  Պարոն Պերսոնան եղել է Էջմիածնում, Մատենադարանում, Ազգային պատկերասրահում»,- ասաց Լաքոտը:

Նրա խոսքով՝ Պերսոնան տեսել է մշակութային բոլոր այն ժառանգությունները, որոնք արցախա-ադրբեջանական պատերազմից հետո Արցախից բերվել են Հայաստան:

                                                                   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am