Եղանակի պատճառով զոհված զինծառայողների աճյունների որոնումները կրկին դադարեցվել են

Armenpress 11:23, 15 Մարտ, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները մարտի 15-ին ևս դադարեցվել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Մարտի 15-ին որոնողական աշխատանքներ էին նախատեսվել Մարտունու շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններով:  Ձյան տեսքով տեղումներ չլինելու և բավարար տեսանելիության դեպքում՝ աշխատանքները կվերսկսվեն վաղը՝ մարտի 16-ին»,-հայտնում են արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Եղանակի պատճառով անհետ կորած և զոհված զինծառայողների որոնումները դադարեցվել են դեռևս մարտի 12-ից:

Զինադադարից հետո առայսօր հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1499 է, որից 23-ը՝ նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am