Տարադրամի փոխանակման կետում ավազակություն կատարած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն

Armenpress 20:56, 12 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկվել փետրվարի 19-ին Երևանի Քաջազնունու փողոցում գտնվող տարադրամի փոխանակման կետում ավազակություն կատարած անձինք։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Փետրվարի 19-ին' ժամը 14.21-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում Երևանի Քաջազնունու փողոցում կատարվող ավազակության մասին հաղորդում էր ստացվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել էին, որ անհայտ անձը հիշյալ փողոցում գործող տարադրամի փոխանակման կետի աշխատակցին սպառնացել էր ատրճանակի նմանվող առարկայով ու նռնակով և հափշտակել նախնական տվյալներով' մի քանի տասնյակ միլիոն դրամ: Ավազակություն կատարած անձը հեռանալիս նռնակը նետել էր տարադրամի փոխանակման կետի տարածք: Այն չէր պայթել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել հանցագործությունը կատարած անձնանց ինքնության վերաբերյալ։ Մարտի 12-ին՝ ժամը 10․10-ին, կասկածվողները հայտնաբերվել են Կոտայքի մարզի Զովունի գյուղում ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ 51 և 39-ամյա տղամարդիկ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին ու ձերբակալվել։

ՀՀ ոստիկանությունից նաև հայտնում են, որ ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am