«Լուսավոր Հայաստան»-ն ընդունում է նախագահի հանդիպման հրավերը

Armenpress 12:08, 11 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ընդունում է նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերը՝ մասնակցելու երկրում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկման և լուծումներ գտնելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ի պատասխան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից երեկ տարածված հայտարարության` «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հայտարարում եմ, որ ընդունում ենք հրավերն ու պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար»,-նշել է Մարուքյանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 10-ին տարածած հայտարարությամբ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի քննարկման և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով ՀՀ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին, ժամը 12:00-ին հրավիրել է հանդիպման նախագահական նստավայրում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am