Երևանում առաջիկայում կանցկացվի շաբաթօրյակ

Armenpress 13:35, 10 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հրազդանի կիրճում առաջիկայում կանցկացվի շաբաթօրյակ: Նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն է:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում, կազմակերպության տնօրեն Արա Աղայանը նշեց, որ առաջիկա օրերին կհստակեցվի շաբաթօրյակի անցկացման ժամկետը:

«Մեր ծրագրերի մեջ կար Հրազդանի կիրճի մաքրումը: Մենք շատ ենք կարևորում այն որպես յուրահատուկ կանաչ գոտի Երևանում: Այնտեղ մաքրման աշխատանքներ պարբերաբար չեն արվում, հետևաբար անհրաժեշտ է տարվա ընթացքում մի քանի անգամ այսպիսի միջոցառում անցկացնել: Պետք է մաքրել Հրազդանի կիրճը տարվա ընթացքում կուտակված աղբից»,- ասաց Արա Աղայանը:

Արա Աղայանը տեղեկացրեց, որ տեղում կկատարվի աղբի տեսակավորում, կառանձացվեն պլաստիկը, ապակին: Նա կոչ արեց երևանցիներին, բոլոր հետաքրքրված անձանց ակտիվ մասնակցություն ունենալ այս հանրօգուտ գործին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am